Բարի Գալուստ

Բարև, բարի գալուստ իմ նոր բլոգ: Այստեղ կգտնես նյութեր համաշխարհային քաղաքականության, տնտեսության, սոցիալական շարժումների զարգացման և դրանց վերլուծությունների մասին: Հիմնականում անդրադառնալու եմ Եվրոպական միությունում կատարվող կարևոր իրադարձություններին և նորություններին ու դրանց ՝ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության վրա ունեցած ազդեցությանը: Ինչպես նաև կշոշափվեն այնպիսի թեմաներ ինչպիսիք են ֆեմինիզմը, ԼԳԲՏՔ շարժումը, գենդերային հավասարությունը, ԵՄ տարբեր երկրներում գործող օրենքները, նրանց փորձը, հետևանքները: Մոտիկից կծանոթանանք նաև ԵՄ կառուցվածքին, տարբեր կառույցների ու դրանց ղեկավարող մարմինների աշխատանքին: Այն ամենը, ինչ իմ կարծիքով հետաքրքիր է և ուշադրության արժանի համաշխարհային քաղաքականության ոլորտից կփորձեմ ներկայացնել և վերլուծել այստեղ: Հուսով եմ հետաքրքիր կլինի և շարքային ընթերցողի, և այս թեմաներով հետաքրքրվող անձանց համար:

Մինչ նոր հանդիպում 😉

cropped-eu1.jpg

Հայաստանի ապագան. Ի՞նչ տեղ են զբաղեցնում բանակը, սահմաններն ու ազգայնականությունը պրոգրեսիստ-լիբերալ կառավարությունում

Նոր վարչապետի նշանակումից կարճ ժամանակ անց արդեն կարող ենք տեսնել թե ինչ գույնի են Փաշինյանի տված առաջին շտրիխները Հայաստանը՝ իր չափանիշներին համապատասխան, կերտելու կտավին:  Ակնհայտորեն նկատելի են, որ նրա գործողությունները ձևավորվում են մի իշխանություն, որում կարևոր դիրքեր զբաղեցնող որոշ պաշտոնյաներ կապված են պրոգրեսիստ և լիբերալ գաղափարախոսությանը, ինչպես որ նախազգուշացնում էին տարբեր ձայներ:  Այն, ինչը կարելի է համարել երկրի ապագայի վերաբերյալ առաջին պոլեմիկան վերաբերվում է նրան, թե ինչպես պետք է կարգավորվեն իշխանության փոխհարաբերությունները բանակի, սահմանների  և ՀՀ ազգային շահերի պաշտպանության հետ: Եթե ոչինչ չփոխվի կամ չկանխվի, ու վախենում եմ, որ սխալ չեմ լինի, մենք կարող ենք կանխատեսել իրադարձությունների զարգացման  ուղղությունը,  դիտարկելով և վերլուծելով Արևմտյան Եվրոպայի երկրների վերաբերմունքն ու քաղաքականությունը սահմանների, ազգայնական տրամադրությունների և զինված ուժերի կառավարման ոլորտներում: Քանի որ այս երկրները վաղուց են վարում այդպիսի քաղաքականություն, իսկ Փաշինյանի շրջապատն ու ԵԼՔ դաշինքը, գաղտնիք չէ, որ նրանց մեջ է տեսնում այն օրինակը որին ցանկալի է որ հետևի Հայաստանը նույնպես:
Ամփոփելով այս հարցերի վերաբերյալ արևմտյան երկրների պրոգրեսիստ-լիբերալ քաղաքականության դիրքորոշումը, որը ավելի ուշ ավելի կմանրամասնենք և կվերլուծենք, կարող ենք նշել, որ այս գաղափարախոսության պաշտպանները բառացիորեն «ալերգիա» ունեն «ազգայնականություն» կամ «սահմաններ» բառերի հանդեպ, և մեղմ ասած, նաև ուժեղ բանակի պահպանման կողմնակիցը չեն: Ընդհակառակը, նրանք թուլացնում են իրենց իսկ զինված ուժերին, հասարակության աչքերում աղավաղում են բանակի դերը և կրճատում բյուջեն հասցնելով այն կետին, երբ բանակը դառնում է անմարտունակ:
Գերմանիան Եվրոպական Միության առաջին տնտեսական պոտենցիան է ինչպես նաև նրա ամենախիտ բնակեցված երկիրը, համարվում է ԵՄ-ի առաջատարը շատ հարցերում, առանցքային երկիրը: Հետևաբար, սպասելի է նաև, որ իր պարտավորությունների և ղեկավար դերի շնորհիվ Գերմանիան կունենա համապատասխան հզոր և մրցունակ զինված ուժեր: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ Գերմանիան հանդիսանում է աշխարհում ռազմական տեխնիկայի հիմնական արտադրող և արտահանողներից մեկը:
Այնուամենայնիվ, տարիներ շարունակ ունենք գերմանական զինված ուժերի վատ վիճակի վերաբերյալ հաշվետվություններ:  2017 թվականի վերջին պարզվել է, որ Գերմանիայում գործող 6 սուզանավներից ոչ մեկը չի եղել գործունակ պայմանավորված այն հանգամանքով, որ նրանք երկար ժամանակ սպասում էին վերանորոգմանը, օպերատիվ չէին նաև 56 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներից 32-ը, գերմանական բանակի տարբեր պաշտոնյաներ բողոքել են, որ չեն կարողանում պատրաստել ինքնաթիռների և ուղղաթիռների անհրաժեշտ քանակով օդաչուներ, ինչպես նաև ահազանգել են պահեստավորված ռազմական տեխնիկայի վատ վիճակի մասին: Ըստ մեկ այլ ՝ 2016 թ. զեկույցի, նշվում է, որ Գերմանիան չի կարողացել ուղղաթիռներ տրամադրել Հնդկական օվկիանոսում ծովահենության դեմ առաքելությանը, քանի որ նրանք չեն գտնվել օպերատիվ վիճակում: Ներկայիս դրությամբ հայտնի է նաև, որ գերմանական ռազմաօդային ներուժը նվազագույնի է հասցված.  109  Eurofighter ինքնաթիռից  ընդամենը 42-ը կարող է վերելքի գնալ: Բացի դրանից, բանակն աստիճանաբար վեր է ածվել պետական աշխատողներ պահելու միջոցի՝  քանի որ բյուջեի 50% -ը ծախսվում է աշխատավարձերի, և միայն 16% -ը  տեխնիկայի վերանորոգման, պահպանման և նորի ձեռքբերման վրա: Իսկ ո՞րն է սրա պատճառը:
Տարբեր կառավարություններ նախընտրել են սերմանել պացիֆիստ և հասարակության ռազմական ասպեկտի հետ չկապված քաղաքականություն,  ինչը ժամանակի ընթացքում  բերել է նրան, որ գերմանացիները իրենց բանակի և ռազմական ծախսերի մասին ունենան վատ պատկեր և դրանք ասոցացնեն ոչ անհրաժեշտ միջոցների ու ծախսերի հետ: Սրան է նպաստել նաև այն, որ  կառավարությունն աստիճանաբար նվազեցրել է ՀՆԱ-ից զինված ուժերին հատկացված տոկոսը՝ ամեն անգամ հենց այս ոլորտում կրճատումներ կատարելով, երբ կարիք է եղել բյուջեում սահմանափակումներ կատարել կամ մեկ այլ ոլորտին գումար հատկացնել:
Իրականությունն այն է, որ պրոգրեսիստ՝ առաջադեմ,  հասարակությունը միամիտ հասարակություն է, որը կարծում է, որ բանակը “կինոյի վատ տղան է” քանի որ զենք ունի: Ու այսպես է ստացվել, որ եվրոպական բանակները վերածվել են համարյա թե հասարակական կազմակերպությունների:

Երևի թե ամենաուսուցողական օրինակը Իսպանիայինն է, որի զինված ուժերը տարիներ շարունակ ստանում էին թշնամուն կրակելուց խուսափելու հրամաններ, քանի որ դա կստեղծեր բռնություն կիրառող երկրի կերպար: Այդպես եղավ, որ շատ պոպուլյար դարձավ իսպանական նավերը և զինվորներին գերի վերցնելը, քանի որ Իսպանիայում և Եվրոպայում գոյություն ունեցած ամենապրոգրեսիստ 2004-ից 2011 թթ. կառավարությունը,  միշտ ընդունել է առևանգողների հետ բանակցությունների գնալը, նրանց ցանկությունները կատարելը և պահանջվող գումարները տալը, ինչպես նաև երաշխավորել է, որ հանցարարները կարող են առանց հետապնդման փախուստի դիմել գումարի հետ միասին: Իսպանական բանակի բյուջեն տարեցտարի այնքան է կրճատվել, որ զգալի չափով պակասել է հասանելի ռազմական անձնակազմի քանակը և այն դարձել է արևմտյան երկրներից ամենափոքր ռազմական ծախս ունեցող երկրներից մեկը: Որպեսզի ավելի պարզ լինի նշեմ, որ Հայաստանում՝ 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրում, բանակը կազմում է մոտ 60,000-70,000 մարդ,  իսկ 46 միլիոնանոց Իսպանիայում  121 հազար: Այս կրճատումները հասարակությանը ներկայացվել են միշտ որպես ծախսերի կրճատում, ռազմական ծախսեր, որոնք պրոգրեսիստները անիմաստ են համարում ու գերադասում են տրամադրել այլ հարցերի:

Ու բացարձակապես զարմանալի չէ, որ նրանք այդքան քիչ աֆեկտ ունեն երկրի սահմանների և ազգային անվտանգության ուղակի երաշխիք հանդիսացող մի հաստատության նկատմամբ, քանի որ պրոգրեսիստենրը  լսել անգամ չեն ուզում սահմանների մասին: Ինչպես ասել է Իսպանիայի գործող նախագահը. «Ես չեմ հավատում սահմաններին» (իսպաներենից թարգմանությամբ նշանակում է, չեմ ընդունում սահմանները, նրանց գոյությունն ու իմաստը):
Սահմանները, Արևմտյան Եվրոպայի առաջադեմ, պրոգրեսիստ կառավարությունների մեծ մասի համար զարդարանք են՝ դեկորացիա: Ու նրանք չեն էլ պատրաստվում ու ցանկություն անգամ չունեն կանգնեցնելու անօրինական, իլեգալ ներգաղթը, այլ հակառակը՝ դեռ մի բան էլ ավելին, օգտագործելով ծիծաղելի արգումենտներ, ցանկանում են հասարակությանը այն ներկայացնել որպես դրական երևույթ:
Այսպիսով, սահմանների նկատմամբ այս արհամարհանքի շնորհիվ է, որ ներկայումս Արևմտյան Եվրոպայում հաջողվել է բնակություն հաստատել մոտ 7 միլիոն թուրք: Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանը Եվրոպայում ապրող թուրքերին դիմեց Բոսնիայում վերջերս կայացած ելույթում. «Եթե դուք ապրում եք Եվրոպայում, ընդունեք քաղաքացիությունը, բայց պահեք ձեր հավատքը և ձեր լեզուն», ինչն ակնհայտորեն բացահայտում է թե Թուրքիայի նման երկիրը  (շատ այլ երկրների նման) ինչպես է օգտագործում  այլ երկրներում ապրող  իր ազգակիցներին տվյալ երկրների ներքին հարցերին, ընտրություններին և քաղաքականությանը խառնվելու ու ազդեցություն ունենալու համար:
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ընդունել, որ Թուրքիայի նման երկրները խառնվեն իր ներքին քաղաքականությանը: Միայն այն դեպքում եթե հայերը թույլ տան, ինչն ակնհայտ ինքնասպանություն է: Ու եթե սահմանների վերաբերյալ այս քաղաքականությանը հաջողվել է հասնել նրան, որ Թուրքիան ունենա նման ազդեցություն  (ու եկեք չմոռանանք նաև, որ կան բազմաթիվ այլ երկրներ, որտեղից կա հսկայական իլեգալ միգրացիա դեպի Արևմտյան Եվրոպա, ինչպիսիք են Մարոկոն, Պակիստանը, Սոմալիան, Սենեգալը …) ինչ չի՞ հաջողվի անել Հայաստանի նման փոքրիկ երկրում:
Գերմանիայում հետևանքներն ավելի քան տեսանելի են, որոնց հասել են պրոգրեսիստ քաղաքական գործիչների աշխատանքով և աղանդավորական շարժումների ամենալավ տրադիցիաներին համապատասխան հիպնոսացված հասարակության մի հատվածի աջակցությամբ: 2015թ-ին Համբուրգի խորհրդարանում,  Կանաչների կուսակցության ներկայացուցիչ տիկին Վոն Բերգը, խոսքի իր հերթի ժամանակ ասաց հետևյալը. «Մեր հասարակությունը կփոխվի: Եվ մեր քաղաքը ռադիկալ կփոխվի: 20-30 տարի հետո գերմանացիները այլևս չեն լինի մեծամասնություն: Սա են փաստում ներգաղթի մասին հետազոտությունները: Մենք կապրենք բազմազգ ու բազմէթնիկ՝ բազմամշակութային երկրում: Սա է մեր ապագան և ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի, հատկապես պահպանողականների համար՝ ՍԱ ԼԱՎ ԲԱՆ Է»:
Բանը նրանում է, որ պրոգրեսիստները, չնայած որ երբեմն քողարկվում են ազգայնականների դիմակի տակ, երբեք չեն մոռանում իրենց իրական նպատակները: Նրանք հիանալի գիտեն, որ հասարակությունը չի աջակցի իրենց գաղափարներին քանի դեռ հասարակությունում չեն կատարել անհրաժեշտ փոփոխությունները և չեն ունեցել գոնե որոշակի առաջընթաց  իրենց օրակարգում, հետևաբար դեռևս չեն կարող բարձրաձայնել իրենց իրական նպատակների ու գաղափարների մասին:
Եվ ինչպես բոլոր լիբերալ-պրոգրեսիստները, նրանք ատում են ազգայնականությունը և այն ամենն ինչը կապ ունի ազգային տարբերակման հետ: Ֆրանսիայում բնակվող սոմալացին նրանց համար ֆրանսիացի է: Եթե Բելգիայում կան մահմեդականներ, ապա իսլամը բելգիական կրոն է: Միակ չափանիշը, որպեսզի մարդը լինի իտալացի, այն է, որ նա իրեն համարի իտալացի: Այսպես, 2017 թ. Ֆրանսիայի Նախագահ Մակրոնը հայտարարեց, որ «գոյություն չունի այն, ինչը կարող ենք կոչել ֆրանսիական մշակույթ», այն առումով, որ չի կարելի ասել, որ ավանդույթը, սովորույթը, կրոնը կամ լեզուն հատուկ են Ֆրանսիային, քանի որ ցանկացած մեկը ով ֆրանսիացի չէ, կարող է դառնալ ֆրանսիացի, հետևաբար չեն կարող սահմանափակել ինչն է ֆրանսիական ինչը՝ ոչ:
Մեկ այլ օրինակ է Շվեդիան, որը գուցե Եվրոպական այն երկիրն է, որի դեպքը իր ծանրությամբ միշտ առանձնանում է մնացած եվրոպական երկրներից: Տարօրինակ երկիր է, սյուռեալիզմի սահմաններին հասնող: Շվեդիայում փոխում են դասական ստեղծագործությունների վերնագրերը, որովհետև կարող են  վիրավորական լինել օտարերկրացիների կամ  «փոքրամասնությունների անդամների» համար, այսպես են նրանք կոչում ցանկացած սոցիալական խումբ, որը չի ներկայացնում երկրի մեծամասնությանը, սակայն առավել զարմանալի է այն, որ նրանք որոշակի շվեդական ավանդույթներ համարում են ռասիստ կամ քսենոֆոբ: Օրինակ  ավանդական տարազները, Սուրբ Ծննդյան տոնը կամ եկեղեցու զանգերի ղողանջը: Բոլորը հանուն պրոգրեսիզմի:
Այո, գիտեմ, որ շատերի համար դժվար է հավատալ սրան: Որ հաստատ որևէ հնարք կա այս ամենի մեջ: Կամ ավելին, Հայաստանին նման կերպարանափոխությունը  չի սպառնում ու անհնարին կլինի:  Բայց հիշեք  ու հաշվի առեք մի բան, այդ երկրների ժողովուրդները նույնպես չէին հավատում, որ այս ամենը տեղի կունենա:

Ա&Գ

Համատեղելի են արդյո՞ք ԵԼՔ դաշինքը և Հայաստանին անհրաժեշտ ու ցանկալի փոփոխությունները

Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ հարցականներ են առաջացել կապված ԵԼՔ դաշինքի այս կամ այն հարցին լուծում տալ կարողանալու կամ չկարողանալու վերաբերյալ և  նույնիսկ ավելի շատ հարցականներ կան ԵԼՔ-ի իրական մտադրությունների և գաղափարական նպատակների վերաբերյալ: Վերջին  իրադարձությունների հետևանքով այս կոալիցիայի ներկայացրած գաղափարախոսությունը կապվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կերպարի հետ,  քանի որ հենց այս դաշինքն է հանդես գալիս որպես նրա քաղաքական աջակցության հիմք: Ներկայումս սկսում ենք ավելի մանրամասնորեն տեղեկանալ Նիկոլ Փաշինյանի՝ հայ հասարակության որոշակի ասպեկտների մասին տեսակետին, բայց հստակ չէ, թե ինչպես են դրանք տեղավորվելու և գոյություն ունենալու ԵԼՔ դաշինքի և դրա անդամների որդեգրած գաղափարախոսության դաշտում: Հետևաբար, ավելի խորը հասկանալու համար ԵԼՔ դաշինքը բնութագրող գաղափարախոսությունը պետք է խորությամբ վերլուծենք այն կազմող միջավայրն ու մարդկանց:
ԵԼՔ-ը երեք փոքր կուսակցությունների կոալիցիա է: Չնայած, առաջին հայացքից կարող է թվալ, որ երեքն էլ նմանատիպ կուսակցություններ են, իրականում այդքան էլ համասեռ չեն, կան որոշակի տարբերություններ դրանց անդամների և առաջարկությունների միջև: Կոալիցիայում ներկայումս կենտրոնական դեր է խաղում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը հենց պրն Փաշինյանի ղեկավարած կուսակցությունն է: Ինձ մոտ մի քանի հարց է ծագում նրանց վերաբերյալ: Ովքե՞ր և ի՞նչ կազմակերպություններ են հավաքված այս դաշինքի շուրջ, ո՞ր սոցիալական խմբերը կամ ոլորտներն են նրանց աջակցում: Արդյո՞ք տվյալ կուսակցությունների առաջարկները հնարավոր է իրականացնել, թե դրանք ուղղակի դեմագոգիա են:
Չնայած վերջին շաբաթների ընթացքում հեղափոխական շարժումն ընդունեց ազգային շարժման կերպարանք, որն ուներ իշխանափոխությանը հասնելու նպատակ, փորձ արվեց ցույց տալ ԵԼՔ դաշինքը, որպես այդ ժողովրդական շարժման մի մաս, սոցիալական տարբեր շերտերի հովանավորությամբ և որ ունի նպատակ պաշտպանել առավել խոցելի խմբերին երկրում վատ տնտեսական և սոցիալական իրավիճակից: Իրականությունն այն է, որ ԵԼՔ-ը հիմնականում էլիտիստ կուսակցությունների դաշինք է:
Էլիտա, որը ոչ թե օլիգարխիկ տնտեսական վերնախավն է, այլ երկրի սոցիալական, մտավոր էլիտան, ինչպես նաև արևմտյան երկրներում հայկական սփյուռքը: Եթե փորձ անենք նկարագրել ԵԼՔ-ի սկզբնական փուլերի ընտրողի պրոտոտիպին, ապա ամենայն հավանականությամբ կունենք Երևանում բնակվող, միջին  կամ միջին-բարձր դասի,  համալսարարանական կրթությամբ երիտասարդի, որն ունի նաև որոշակի համակրանք արևմտյան երկրների և դրանց բնորոշ կյանքի հանդեպ: Սա այն է, ինչ կարելի է եզրակացնել տվյալ կուսակցությունների սոցիալական ցանցերը և ընտրություններում ստացված արդյունքները ուսումնասիրելիս:
ԶԼՄ-ների, ասոցիացիաների և կազմակերպությունների ոլորտում ԵԼՔ-ն ունի աջակցություն հստակ արևմտամետ խմբերի կողմից: Այն միջավայրը, որն ի սկզբանե թույլ տվեց ԵԼՔ-ին դուրս գալ քաղաքական ասպարեզ հանդիսանում են ԶԼՄ-ները և ՀԿ-ները, որոնք մասնակցում են արևմտյան ֆինանսավորման ծրագրերին կամ ստանում են ֆինանսական աջակցություն այնպիսի կազմակերպությունների կողմից ինչպիսիք են USAID-ը, տարբեր ԵՄ ծրագրեր, Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն»-ը Open Society, վերջինս հանդիսանում է աշխարհում պրոգրեսիստ լիբերալիզմի գաղափարների աջակցության, ֆինանսավորման և տարածման կարևորագույն հիմնադրամներից մեկը:
Նույնիսկ կարող եք պնդել, որ ԵԼՔ-ին չէր հաջողվի անել այն ինչ արեց, եթե  չլինեին այն միլիոնավոր դոլարները, որոնք այդ կազմակերպությունները ներարկել էին տարբեր ՀԿ-ների և գաղափարակից լրատվամիջոցներին, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում թույլ են տվել ուղղորդել հասարակական կարծիքը և ստեղծել հատկապես այս գաղափարախոսական սեկտորի հանդեպ աջակցությունը, որպեսզի հետագայում հենց իրենք հանդիսանան  Հայաստանում մոտեցող փոփոխությունների ճարտարապետը: Որովհետև եկեք պարզ խոսենք,  Հայաստանը տնտեսական փոփոխությունների կարիք իրականում ուներ ՝ և շատ: Հայաստանում տնտեսական համակարգը տառապում է խոշոր թերություններից, որոնք հանգեցնում են բնակչության մեծամասնության եկամտի ցածր մակարդակի և լճացման: Այդ թերությունների շարքում կարող ենք գտնել մասնավոր մենաշնորհների պահպանումը այնպիսի  ոլորտներում ինչպիսիք են ամենատարբեր ապրանքների, սննդի ներմուծումը, տնտեսության մեծ մասի կենտրոնացումը մի բուռ հարուստ ընտանիքների ձեռքում, խայտառակ առևտրային հաշվեկշիռը պայմանավորված մեծ քանակությամբ արտադրանք ներմուծելու և քիչ արտահանելու, տեղական արտադրության բացակայությունը՝ ձեռնարկատիրական գործունեության խոչընդոտների պատճառով, կամ մատակարարման սահմանափակման համակարգը, որն արհեստականորեն բարձրացնում է գները: Այս բոլոր խնդիրների մեղավորը միայն Հայաստանը չէ, բնականաբար: Եվրոպական Միության և ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունը, մեղմ ասած, Հայաստանին  այդքան էլ շատ չօգնեց: Վերջին տարիներին իրավիճակի սրացմանը մեծապես նպաստեցին եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սանկցիաները, որոնք բացարձակապես հաշվի չեն առնում բնակչության վրա ունեցած բոլոր բացասական ազդեցությունները, քանի որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:
Բայց հիմա քննարկման նյութը սա չէ: Տվյալ պահին հետաքրքրում է, թե արդյո՞ք այն քաղաքական ուժը որը պետք է և որ կկարողանա անհրաժեշտ փոփոխությունները կատարել հանդիսանում է ԵԼՔ դաշինքը, հաշվի առնելով այն բոլոր խմբերի և կազմակերպությունների ազդեցությունը, որոնք ի սկզբանե գաղափարորեն և ֆինանսապես աջակցել են այս խմբակցությանը: Թեև մտադրությունները լավն են, այն  միջավայրը, որտեղ ԵԼՔ-ը «ծնվել» է, կարող է շեղել և վերաձևակերպել դիրքորոշումները դեպի Հայաստանին և հայ ժողովրդին չհամապատասխանող և նրանց շահերից բացարձակապես չբխող ուղի:
Անցնելով բուն թեմային,  ի՞նչ խմբերի և կազմակերպությունների մասին է խոսքը, ովքե՞ր են նրանք, ումի՞ց են ֆինանսավորում ստացել, ինչպե՞ս և ի՞նչ մեթոդներով: Սկսենք հենց Նիկոլ Փաշինյանից: Ըստ  NED-ի (National Endowment for Democracy) տրամադրած տվյալների, մի խումբ, որը ֆինանսավորվում է ԱՄՆ կոնգրեսի կողմից ԱՄՆ քաղաքացիների գումարներով, առնվազն 2014 թ մինչև 2017 թ. «Հայկական ժամանակ» թերթը արժանացել է գրեթե 120,000$ : Պրն. Փաշինյանը եղել է այդ թերթի գլխավոր խմբագիրը: NED-ը վերջին 4 տարիների ընթացքում ֆինանսավորել է գրեթե 5$ մլն-ի չափով Հայաստանյան տարբեր ՀԿ-ների թվով 78 ծրագրեր: Կենտրոնանալով հիմնականում բովանդակություն՝ content, ստեղծելու, խմբեր կազմակերպելու և կոնկրետ տեսակետեր տարածելու ուղղությամբ, բոլորը կապված պրոգրեսիստ-լիբերալ գաղափարախոսության հետ, հետապնդելով հասարակական կարծիքը ավելի արևմտամետ և հակառուսական դարձնելը: Որպես օրինակ կարելի է բերել  39,000$ -ը տրված «Union of Informed Citizens» ՀԿ-ին  հետևյալ ծրագրի իրականցման համար. «Իրազեկ քաղաքացիների միությունը վերլուծելու է  Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունը կենտրոնանալով  Հայաստանում դեմոկրատիայի զարգացման և ապահովության վրա ունեցած քիչ քննարկված, բացասական հետևանքների վրա: Կազմակերպությունը յոթ թեմատիկ ոլորտներում հոդվածներ և տեսանյութեր կթողարկի Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության մասին և կանցկացնի երկու՝ եռօրյա սեմինար Երևանում լրագրողների հետ, տվյալ հարցի լուսաբանումը խրախուսելու համար»:
Open Society՝ Բաց Հասարակության աջակցությունը ստացած  կազմակերպությունների թվում է նաև Կանանց ռեսուրսային կենտրոնը, որի հիմնադիրներից մեկը ` Լարա Ահարոնյանը, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է: Այս խումբը, կանանց իրավունքների պաշտպանության և աջակցության քողի ներքո, իրականում աջակցում է պրոգրեսիստ գաղափարների տարածմանը, ինչպիսիք են աբորտի պաշտպանությունը (այնպիսի երկրում ինչպիսին Հայաստանն է, որտեղ խնդիրը հենց աբորտների թիվն է),  ֆեմինիզմը  կամ գենդերային գաղափարախոսությունը, ինչը հանգեցրել է նրանց կողմից Լեհաստանի պահպանողական կառավարության դեմ սիմվոլիկ ակցիաների կազմակերպմանը, քանի որ իրենք քննադատում են Լեհաստանի կառավարության արևմտյան պրոգրեսիստ քաղաքականությանը դեմ լինելը (չմոռանանք, որ ներկայումս Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան ընկղմված են Արևմտյան Եվրոպայի դեմ մշակութային պատերազմի մեջ, որովհետև տեսել են այն աղետը որին հանգեցրել է լիբերալ-պրոգրեսիստ քաղաքականությունը այս երկրներում): Մեկ այլ խումբ `ՓԻՆՔ Արմենիան, որին աջակցում և  ֆինանսավորում է Բաց Հասարակությունը, խթանում է Հայաստանում միասեռականներին ուղղված քաղաքականությունը: Կրնկօրինակելով Արևմտյան պրոգրեսիստ երկրների օրինակը,  նրանց նպատակն է կառավարության կողմից աստիճանաբար ԼԳԲՏ խմբերի շահերի համար բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելը, օրինակ միասեռական ամուսնության թույլատրումը, միասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրումը կամ ատելության հիմքով հանցագործությունների մասին օրենքների ընդունումը,  որոնք իբրև թե պաշտպանում են համասեռամոլների իրավունքները, բայց իրականում ի վերջո հանգեցնում են ԼԳԲՏ խմբերի շահերի հետ չհամընկնող ցանկացած կարծիքի արգելմանն ու հանդիսանում են պատժիչ և ցենզուրայի մեխանիզմ իրենց գաղափարները չկիսողների համար: Եվրամիության աջակցությամբ ֆինանսավորվող խմբերից կարող ենք առանձնացնել «Armenian Progressive youth»-ին…ու չնայած, որպես ժողովրդավարության պաշտպաններ հանդիսանալու փորձերին, Եվրոպական Միությունից ֆինանսավորում են միայն մեկ գաղափարական ուղղվածություն ունեցող նախաձեռնություններն ու կազմակերպությունները, եթե դու այլ բան ես մտածում, ապա խաղից և ֆինանսավորումից դուրս ես մնալու:
Այստեղ անտեսում և չեմ նշում շատ այլ կազմակերպությունների և մարդկանց, բայց կարևոր է մասնավորապես նշել Դավիթ Սանասարյանին, որը վերջին տարիներին ամենատարբեր բողոքի ցույցեր էր կազմակերպում, կարծես թե անխտիր և բաց չթողնելով առիթը, սկսած գնաճի դեմ ցույցերից, անցնելով հակապետական բողոքների,  ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի դեմ ցույցերի ու բողոքի ակցիաների, որ տպավորվեցին  Երևանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչական շենքի ուղղությամբ ձու նետելով և ռուսների ՀՀ-ից հեռացումը պահանջող ցուցանակներով:
ԵԼՔ-ին և Փաշինյանին աջակցող ԶԼՄ-ներից պետք է կարևորել Factor TV-ին , որը մեծ ֆինանսական աջակցություն է ստացել «Բաց հասարակության» կողմից և հիշատակվում է որպես միջոց, որը կոնտենտ է արտադրում նաև մի շարք հասարակական կազմակերպությունների համար, որոնք նույնպես ֆինանսավորվում են «Բաց հասարակություն» հիմնադրամից: Նշել նաև Radio Free Europe / Radio Liberty (RFE/RL), որը խորհրդային տարիներին ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող և Արևելյան Եվրոպայում արևմտամետ քարոզչությամբ զբաղվող կազմակերպություն էր: Ներկայումս շարունակում է զբաղվել նույն գործունեությամբ:
Ոչ պակաս կարևոր է նաև սոցիալական ցանցերի և համակարգող խմբերի, օնլայն հաղորդակցման հարթակների դերը: Այստեղ  կարող ենք առանձնացնել Zona Positive ֆեյսբուքյան խմբին, որն ուղղակիորեն իրեն սահմանում է որպես դեմ պահպանողական գաղափարներին, հանդես է գալիս ամբողջովին գաղափարականացված մտքերով և օգտագործում է նույն այն լեքսիկոնը ինչ արևմտյան պրոգրեսիստ խմբերը (պիտակում «ատելություն» այն , ինչ իրականում քննադատություն է,  «հոմոֆոբիա» ԼԳԲՏ խմբերի քաղակական օրակարգին հակառակ կարծիքներին, «սեքսիզմ», այն կարծիքին, որը հակասում է ֆեմինիստական գաղափարախոսությանը և այլն ): Էլ չեմ գրում SOS-ի մասին, որովհետև կարող էի ժամերով խոսել:
Ինչպես տեսնում ենք բոլոր այս խմբերը ունեն միանման գաղափարախոսական թեմատիկա: Եվրոպայում և ԱՄՆ-ում նրանց կոչում են “պրոգրեսիստներ” կամ “ձախ լիբերալներ”: Այս խմբերը (որոնք նույն են նաև Արևմուտքում և տարածում են իդենտիկ մտքեր) հայտնի են իրենց հակաազգային, պրո ԼԳԲՏ, բաց սահմանների պաշտպանություն քարոզող տեսակետով, զինված ուժերի քննադատությամբ զբաղվող, ընտանիքի ՝ որպես սոցիալական ստրուկտուրա պահպանման հանդեպ քննադատական վերաբերմունք ցուցաբերող դիրքորոշմամբ, էկոնոմիայի մեջ սոցիալիստ՝ պետությանը լայն լիազորություններ շնորհելու գաղափարակից, քաղաքացիների վրա բարձր հարկերի կողմնակից և այլ գաղափարական ատրիբուտներով: Հարց է ծագում, հնարավո՞ր է այս ամենը համատեղել ազգայնական հեղափոխականների կերպարի հետ, ովքեր պայքարում են մեծ և հզոր, անկախ Հայաստանի համար:
Գաղափարական այս ֆոնի վրա, ԵԼՔ դաշինքի ֆինանսավորման աղբյուրները և դրանց հետևում կանգնած կազմակերպությունների քաղաքական հայացքները, ԵԼՔ-ին սատարող խմբերի հայացքները, այս հսկայական գաղափարական մեխանիզմի ֆինանսավորման ծագումը հաշվի առնելով … Կարո՞ղ ենք հավատալ, որ իսկապես ԵԼՔ-ը և պրն Փաշինյանը կարող են հաջողությամբ օգտագործել այս միջոցները և արձագանքել ժողովրդի պահանջներին, պահպանելով այն, ինչին մարդիկ համաձայն են, փոխելով այն, ինչ անհրաժեշտ է երկրի բարելավման համար, հատկապես տնտեսական ոլորտում: Թե՞ ընդհակառակը, նրանք պարզապես հասարակ պեշկաներ են հսկաների շախմատային խաղում, որոնք ձգտում են Հայաստանին ձուլել արտասահմանյան շահերին հաճո կերպով, այնպես ինչպես ցանկանում են նրանց սատարող կազմակերպությունները: Արդյո՞ք համատեղելի է պահպանել արևմտամետ, պրոգրեսիստ և հստակ գաղափարական նպատակներ ունեցող մարդկանցից բաղկացած կուսակցությունը  և միաժամանակ խոստանալ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ և կատարել ժողովրդի պահանջները ՝ հաշվի առնելով, որ մեծամասնությունը չի ընդունում և չի կիսում ԵԼՔ-ի շատ անդամների կողմից քարոզվող տեսակետները:
Հայաստանի համար տվյալ պահին ռիսկը կայանում է հետևյալում՝ արդյոք կկարողանա՞ կամ կցանկանա՞ ԵԼՔ դաշինքը կատարել քաղաքացիների առջև ստանձնած պատասխանատվությունները, թե ուղղակի այս համընդհանուր դժգոհությունը և հեղափոխությունը կծառայեցնի իր գաղափարական նպատակներին, ինչն իրականում շատ ցավալի կլինի. Հայաստանը կվատնի մեծագույն ազգայնական հեղափոխության ներուժը, մի նպատակի համար, որը չէր մտնում ժողովրդի ծրագրերի մեջ և հանդիսանում է շարժման լիդերների հետ կապված մարդկանց և խմբերի գաղափարական հավակնությունների հետևանքը:

 

Ա&Գ

Հայաստանը, ԵՄ և ԵԱՏՄ, ո՞րն է ավելի շահավետ տարբերակ.

Տնտեսական որևէ միությանը միանալու համար գոյություն ունեն մի շարք պատճառներ, բայց դրանցից ամենակարևորը, որը թերևս, հաճախ է մոռացվում եվրոպամետ հայերի կողմից, դա հենց տնտեսական պատճառն է:
Որևէ երկիր, որը տվյալ տնտեսական միության երկրների ստեղծած շուկայում ունի մեծ առևտրային հոսք և ցանկանում է հեշտացնել ընթացակարգերը և վերահսկողությունը, տվյալ երկիրն առանձին ոլորտներում ունի մրցունակ արտադրանք և ցանկանում է նոր շուկա մուտք գործել, որոշակի պայմաններով (օրինակ մաքսային տուրքեր կամ լրացուցիչ գրանցումներ) արտահանում է ապրանքները իր համար կարևոր շուկա և ցանկանում է հեշտացնել այդ գործընթացները… Սրանք բոլորը տվյալ տնտեսական միության հետ մոտեցման կամ ասոցացման լավ պատճառներ են, նույնիսկ կարող են բավարար լինել տվյալ կազմակերպություն մուտք գործելու համար:
Հայաստանը մի քանի տարի է ինչ երկընտրանքի առջև է կանգնած և փորձում է համատեղել ԵՄ-ին մոտեցումը, առանց Ռուսաստանի հետ տարբեր մակարդակներում հարաբերությունների վատթարացմանը կամ դադարեցմանը: Երկրում շատ արևմտամետ մարդիկ պնդում են, որ ԵՄ-ի հետ մերձեցումը խիստ դրական կանդրադառնա Հայաստանի համար, նույնիսկ եթե դա ենթադրում է հեռանալ Ռուսաստանից, ինչը նրանց անգամ դրական տեղաշարժ է թվում: Նրանց այս ենթադրությունը պատշաճ կերպով գնահատելու համար պետք է ուսումնասիրել այդ փոփոխությունների հետևանքների երկու հիմնական տարրերը. արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը իսկապես համապատասխանում է ԵՄ շուկային, և արդյո՞ք Հայաստանը մտնում է մի կազմակերպություն, որտեղ պատշաճ կերպով կվերաբերվեն Հայաստանին ի օգուտ մեր շահերի:
Հակառակ տիրող կարծիքի, Ադրբեջանի տնտեսությունը ավելի շատ է ուղղված ԵՄ-ին, քան Հայաստանինը: Ադրբեջանի արտահանումը հիմնվում է Եվրամիությանը գազի և նավթի (արտահանման 89 տոկոսի) վաճառքի վրա, քանի որ ԵՄ երկրները էներգետիկ ոլորտում դեֆիցիտ ունեցող երկրներ են, որոնք այդ ապրանքատեսակից պետք է ներմուծեն մեծ քանակությամբ: Բացի այդ, Ադրբեջանն ունի արտարժույթի կարևոր աղբյուր, որը թույլ է տալիս նրան ներմուծել ԵՄ-ում արտադրված ապրանքներ: Եթե հաշվի առնենք 2015-ի տվյալները (վերջին վստահելի տվյալները Ադրբեջանի մասին), կարող ենք տեսնել, որ.

-Իտալիա + Գերմանիա + Ֆրանսիա + Իսպանիա ` Ադրբեջանի արտահանման 46% -ը
– ԵՄ ՝ Ադրբեջանից արտահանման 62% -ը
-Ռուսաստան ` Ադրբեջանի արտահանման 2,5% -ը

Այս պատկերն ունի իր հստակ պատճառը. Ադրբեջանը հիմնականում արտահանում է գազ և նավթ, ինչի կարիքը Ռուսաստանը չունի իսկ ԵՄ-ը ունի: Չինաստանը շատ հեռու է Ադրբեջանի հետ խողովակաշարերի և նավթամուղների միջոցով կապ հաստատելու համար, ինչը տվյալ ապրանքների առևտուրն անիրագործելի դարձնում:

Ներմուծման տվյալները.

– 40 % ԵՄ-ից
-15% Ռուսաստանից
– 15% Թուրքիայից

Սրա պատճառներից էլ այն է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հետ շուկայական հարաբերությունների հետևանքով մեծ քանակության արտարժույթ է ստանում, որն էլ հետո նրան թույլ է տալիս եվրոպական ապրանքներ գնել: Միևնույն ժամանակ Ռուսաստանից և Թուրքիայից ներմուծում է ավելի փոքր ինքնարժեք ունեցող, հասարակ արտադրանք, որոշ չափով էլ արդյունաբերական ապրանքներ, ԵՄ-ից ավելի ցածր գներով:
Ի՞նչ կարող ենք ասել Հայաստանի մասին:
Հայաստանի դեպքում լրիվ հակառակ պատկերն է: Արտահանումը հիմնված է հանքային հումքի վրա (պղնձի, ալյումինի, ոսկու, պլատինի, մոլիբդենի …), որին հաջորդում են գյուղատնտեսական և անասնաբուծական արտադրանքները (ծխախոտ, լիկյոր, միրգ, կաթնամթերք …) և տեքստիլ ապրանքների որոշակի տոկոս.

– 27% -ը Եվրամիություն
-Ռուսաստան + տարածաշրջանային դաշնակիցներ (Իրան, Չինաստան, Բելառուս եւ Սիրիա). Հայաստանի արտահանման 35.2% -ը

Ներմուծման դեպքում.

– ԵՄ-ից Հայաստանի ներմուծման 18% -ը
-Ռուսաստան + տարածաշրջանային դաշնակիցներ. Հայաստանի ներմուծման 48% -ը:

Կարո՞ղ ենք պնդել, որ այս համատեքստում ԵՄ-ն Հայաստանի համար հանդիսանում է բնական շուկա: Իհարկե՝ ոչ: Այդ դերը խաղում են հիմնականում Ռուսաստանն ու Չինաստանը: ԵՄ-ն ներմուծում է հանքարդյունաբերական հումք Հայաստանից, բայց հայկական ընկերությունների համար արտահանման նպատակակետ, բնական շուկա, հանդիսանում է Ռուսաստանը: Այս իմաստով ԵՄ-ն ավելի կարևոր դեր է խաղում Ադրբեջանի տնտեսության համար: Սակայն անգամ այս իրավիճակում Ադրբեջանը չի համաձայնվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, ինչի ստորագրումն առաջարկում են եվրոպամետ հայերը Հայաստանի համար: Ադրբեջանը միայն հետաքրքրություն է ցուցաբերում այնպիսի պայմանագրերի հանդեպ, որոնք ներառում են նավթի և գազի մասին պայմանավորվածություններ, իսկ ԵՄ-ի կողմից առաջարկվողները դրանք չեն ներառում: Ինչը, բնականաբար բացարձակապես աղետալի չէ Ադրբեջանի համար, քանի որ նրանք ունեն գրեթե ապահովագրված շուկա: ԵՄ-ը ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգիայի գնումները, որպեսզի այնպես չստացվի, որ բացառապես կախված լինի Ռուսաստանից գազի ներկրումից, ու տվյալ դեպքում Ադրբեջանը հանդիսանում է ԵՄ-ի ռազմավարական գործընկերը: Եվ եկեք մտցնենք մեր գիտակցության մեջ այս ՝ «ռազմավարական գործընկեր ԵՄ-ի համար» բառերը, քանի որ հետագայում այդ մասին կխոսենք:
Բնական է, որ ձեզ մոտ ծագի հետևյալ հարցը՝ միթե՞ Հայաստանը հետարքրված չէ ոչ թե էներգետիկայի, այլ սպառողական ապրանքների համար եվրոպական մեծ շուկայի բացման մեջ: Այստեղ խաղի մեջ է մտնում մի կարևոր հասկացություն՝ մրցունակությունը: Արդյո՞ք հայկական ապրանքների արտադրությունը մրցունակ է, եթե այն համեմատենք եվրոպական ապրանքների հետ: Բացարձակապես ոչ: Հայաստանը չունի մրցունակ ապրանք արտադրող խոշոր արդյունաբերություն իսկ որոշ ոլորտներ, որտեղ Հայաստանը կարող է մեծացնել իր արտադրանքը, ինչպիսիք են սննդամթերքը, խիստ պաշտպանված են ԵՄ-ում, ինչը դժվարացնում է այնպիսի ապրանքների, ինչպիսիք են օրինակ կաթնամթերքը, արտահանումը ԵՄ: Հակառակ պատկերն է Ռուսաստանի դեպքում, որը ներմուծում է սննդամթերք, հատկապես որոշակի տեսակների, ավելի մոտ է աշխարհագրորեն և ավելի մեծ հետաքրքրություն ունի Հայաստանում արտադրվող ապրանքների հանդեպ:

Հայաստանի տնտեսական տվյալների մեջ կա մեկ այլ, շատ կարևոր տարր, որը զգալիորեն ազդում է տնտեսական և միջազգային քաղաքականության վրա `առևտրի հաշվեկշիռը: Այսինքն` արտահանման և ներմուծման տարբերությունը: Եթե երկիրը ներմուծում է ավելի շատ ապրանքներ, քան վաճառում է, ասվում է, որ այն բացասական առևտրային հաշվեկշիռ ունի, և որպեսզի տնտեսությունը չկործանվի կամ անորոշ ժամանակով չընկնի անկայուն իրավիճակի մեջ, այն պետք է փոխհատուցվի ինչ-որ կերպ, օրինակ՝ արտասահմանից փողի ներհոսքի տեսքով:
Ինչպես կռահեցիք, Հայաստանն ունի խայտառակ առևտրային հաշվեկշիռ, քանի որ արտադրությունը քիչ է, իսկ արտահանումը ոչ միայն ցածր է, այլև պահանջվող ապրանքների զգալի մասը պետք է ներկրվի արտերկրից: Բացասական հաշվեկշռի փոխհատուցման գումարները գալիս են դրսից, հիմնականում Ռուսաստանում բնակվող կամ «խոպանի» գնացող հայ աշխատողներից, ովքեր վերադառնում են աշխատած գումարով կամ այն ուղարկում են իրենց հայաստանաբնակ հարազատներին:
Հայաստանի քաղաքացիներ ընդունող երկրների հետ լավ տնտեսական հարաբերությունները հիմնարար գործոն են, որպեսզի նրանք ունենան աշխատանքի մեկնելու բարենպաստ պայմաններ և ոչ թե խոչընդոտներ, որպեսզի կարողանան տեղափոխվել, աշխատել, բնակվել և ուղարկել իրենց աշխատած գումարները: Հայերը հեշտությամբ կարող են մեկնել և աշխատել Ռուսաստանում, ինչը կարող է փոխվել, եթե տնտեսական հարաբերությունները վատթարանան: Եվ սա այն բանն է, որտեղ ԵՄ-ն չի կարող մրցակցել, քանի որ առաջարկվող համաձայնագրերը ներառում են տուրիստական և ոչ թե աշխատանքային վիզաների համար նախատեսված բարեփոխումներ: Աշխատանքային վիզաները դեռևս նույն խնդիրներն են ունենալու: Եվրոպայում տուրիզմի վիզաների հետ փոխել Ռուսաստանում աշխատանքային վիզաները Հայաստանի համար լավ բիզնես չէ: Սրան եթե գումարենք նաև Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերություններին վերաբերող մյուս ասպեկտները, որոնք շատ ավելի բարենպաստ են Հայաստանի համար, քան շատերը կարծում են, օրինակ, գազի գնի իջեցումը, ապա պարզ է դառնում, որ այս փաստերը արժե հաշվի առնել:
Եվ վերջացնելու համար, մնում է պատասխանել ևս մեկ հարցի՝ հնարավոր չէ արդյո՞ք համատեղել ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները բարելավելու նպատակով ասոցացման համաձայնագիրը ստորագրելը Ռուսաստանի հետ այլ կազմակերպություններում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը լինելու հետ: Միանշանակ ոչ, քանի որ ԵՄ-ն բացառում է միաժամանակ երկու կազմակերպությունների անդամ լինելու հնարավորությունը: ԵՄ-ն պայման է դարձնում Ռուսաստանի հետ միավորմանը չհամաձայնելը իր հետ ասոցացման համաձայնագրերի համար: Հետևաբար, պետք է կասկածի տակ դնել բոլոր այն մարդկանց խոսքերը, ովքեր խոսում են երկու իրավիճակների համատեղելիության մասին, քանի որ դա հնարավոր չէ, նրանք դա գիտեն և խաբում են ձեզ:
Ուրեմն ինչպե՞ս կարող է որևէ մեկը հավատալ, որ հայ աշխատողների համար իրենց հիմնական աշխատաշուկա հասնելը դժվարեցնելը (Ռուսաստան), եկամուտների հոսքը կրճատելը և հետևաբար առևտրի հաշվեկշիռը բացասական դարձնելը, գազի գնի ավելացումը և ներքին շուկայի բացումը եվրոպական ապրանքների համար մինչդեռ եվրոպական շուկայի հայկական ապրանքների ամենագրավիչ սեկտորների համար փակ մնալը, լավ բիզնես է Հայաստանի համար??? Պատասխանը շատ պարզ է՝ միայն այն մարդիկ, ովքեր գաղափարական, անձնական շահերով են շարժվում, և ոչ թե երկրի շահերով, միայն նրանք կարող են իրավիճակն այդպես տեսնել:

Ա&Գ

Եվրոպական Միությունը, Ռուսաստանը և Արցախի հարցը

Հաշվի առնելով միջազգային լարվածության աճը և միջազգային քաղաքականության խոշոր դերակատարների դիրքորոշումների տարբերությունը կարևոր աշխարհաքաղաքական սցենարներում ( Սիրիայում, Արևելյան Ասիայում և Արևելյան Եվրոպայում), կարելի է տեսնել, որ Հայաստանը կանգնած է կարևորագույն ռազմավարական և քաղաքական դիրքորոշման ընտրության առջև: Մի կողմից, Հայաստանը կարող է մնալ իր ” բնական ” միջավայրում՝ պատմական դաշինքների ներքո, ձգտելով բարելավել իր պայմանավորվածություններն ու հարաբերությունները: Մյուս կողմից, կա նաև հնարավորություն անհայտ տարածք մուտք գործելու և փորձել մոտենալ Եվրոպական միությանը, հանդես գալով որպես նոր երկիր, որը ստիպված կլինի խաղալ այլ եվրոպական երկրների կողմից սահմանված կանոնների համաձայն: Այդ պատճառով, մի շարք գրառումների միջոցով կփորձենք բացահայտել և վերլուծել այն գործոնները, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանի վրա, բայց դրանց տեխնիկական բնույթի կամ տեղեկատվության պակասի պատճառով լայնորեն հայտնի չեն, չնայած որ շատ կարևոր են այս պահին երկրում պատմական իրադարձությունների ֆոնի վրա:
Սովորաբար, երկրի միջազգային քաղաքականության վերաբերյալ զրույցը ձգտում է կենտրոնանալ առևտրային համաձայնագրերի և պատմական դաշինքների վրա: Բայց Հայաստանի դեպքում մենք չպետք է մոռանանք միջազգային քաղաքականության ռազմական և դիվանագիտական դաշինքների մասին, քանի որ երկրի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերներից է Արցախի հակամարտությունը: Այդ իսկ պատճառով, պետք է պատասխանենք մի քանի կարևոր հարցի: Արդյո՞ք ԵՄ-ի հետ մոտեցումը կունենա դրական ազդեցություն Արցախի հարցի լուծման վրա, թե ընդհակառակը՝ դա կլինի աղետ, ռազմական և դիվանագիտական մակարդակով: Իսկապե՞ս կարևոր է ՌԴ-ի հետ դաշինքը այս հակամարտության մեջ, թե մեզ համար այնքան էլ անհրաժեշտ չէ:
Միջազգային մակարդակով Ադրբեջանի ազդեցությունը շատ ավելի մեծ է քան Հայաստանի Հանրապետությանը: Սա հիմնականում պայմանավորված է էներգետիկ ոլորտից ստացված տնտեսական շահերի և եվրոպական երկրների, ինչպես օրինակ Իտալիայի հետ պայմանավորվածությունների, բայց նաև Թուրքիայի հետ հարաբերություններով, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ մատակարարներին և փորձել ընդլայնել իրենց քաղաքական ազդեցությունների տարածքը: Բացի այդ, այդ համաձայնագրերը Ադրբեջանին տալիս են ֆինանսական միջոցների զգալի հոսք, որը թույլ է տալիս ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում և արդիականացնել բանակը: Այս ամենը հանգեցրեց Ադրբեջանի կողմից օտարերկրյա ռազմական արտադրանքի ձեռքբերմանը:
Ռուսաստանը հաճախ մեղադրվում է Ադրբեջանին սպառազինություն և ռազմական տեխնիկա վաճառելու մեջ, սակայն իրականությունն այն է, որ Ռուսաստանը վաճառում է զենքեր, որոնք Ադրբեջանը կարող է հեշտությամբ ձեռք բերել ցանկացած այլ երկրից: Ադրբեջանական զինված ուժերի համար զենքեր և սարքավորումներ են արտադրվում Գերմանիայում, Թուրքիայում, Ամերիկայում և հատկապես Իսրայելում (որը նույնիսկ վաճառել է հակատանկային հրթիռներ և դրոններ), ինչը, կարծես, հայազգի եվրոպամետների համար թշնամանքի լուրջ խորհրդանիշ չի համարվում և պարբերաբար վրիպում է իրենց աչքից:
Բացի այդ, զենքի վաճառքի հետ կապված երկու կարևոր գործոն էլ պետք է հաշվի առնել.
1. Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին և Ադրբեջանին, բայց Հայաստանի դեպքում ինքնարժեքով, իսկ Ադրբեջանին վաճառում է շուկայական գներով: Բացի այդ, Հայաստանի հետ գոյություն ունեն այնպիսի լայնածավալ համաձայնագրեր, որոնք ներառում են զիջումներ այլ ոլորտներում և թույլ են տալիս սպառազինություն գնել Ռուսաստանի տրամադրած վարկի միջոցով:
2. Ռուսաստանը զենք վաճառելով հակամարտության երկու կողմերին այսպիսով վերահսկում է երկու կողմերի ռազմական սպառազինության միջոցները ինչը նպաստում է ստատուս-քվոյի պահպանմանը: Հայաստանը տվյալ դեպքում շահագրգռված է պահպանել ստատուս-քվոն, այսինքն Արցախը դե ֆակտո գտնվում է ՀՀ-ի վերահսկման տակ իսկ Ադրբեջանը պետք է դիմի որոշ քայլերի իր նպատակներին հասնելու ցանկության դեպքում: Այս սկզբունքը հարգելով, Ռուսաստանը անուղղակիորեն պաշտպանում է Հայաստանին Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման փորձից, առանց վերջնականապես փչացնելու իր հարևանի հետ հարաբերությունները:
Այս պահին կարևոր է նաև հասկանալ, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի ԵՄ-ին մոտեցումը, ինչպիսի՞ն է Եվրամիության և նրա անդամ երկրների դիրքորոշումը Արցախի հակամարտության հարցում: Չնայած որոշ երկրներ միշտ ցուցաբերել են լավ տրամադրվածություն Հայաստանի հանդեպ ( Հունաստանը և որոշ չափով նաև Ֆրանսիան), բայց Եվրամիության դիրքորոշումը միշտ եղել է բարենպաստ Ադրբեջանի համար, և դրա մասին կան բազմաթիվ փաստաթղթեր ու հայտարարություններ, թե Եվրոպական Միության, թե առանձին ԵՄ պաշտոնյաների կողմից:
Բերեմ մի քանի օրինակ.
– 2007թ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների առիթով, Եվրոպական Միության Ընդհանուր Արտաքին և Անվտանգության Քաղաքականության (CFSP) պլատաֆորմայի հայտարարության մեջ, որին բացի ԵՄ երկրներից միացել են նաև Մակեդոնիան, Ուկրաինան, Թուրքիան և Վրաստանը, նշվում է.
«Եվրամիությունը շեշտում է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չի ճանաչում նաև այս նախագահական ընտրությունների լեգիտիմությունը, որը չպետք է ազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա »:
– Կամ էլ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 09/02/2018 – ին, ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունները.
«Մենք գտնում ենք, որ ներկայիս իրավիճակը անթույլատրելի է և հակամարտությունը ռազմական լուծում չունի: […] Ադրբեջանը կարևոր գործընկեր է: Հարավային գազային միջանցքը մեր ռազմավարական հարաբերությունների միայն մեկ օրինակն է, որը ծառայում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Եվրամիության շահերին »:
Իրականությունն այն է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունները շատ կարևոր են, շատ ավելի կարևոր, եթե դրանք համեմատենք այն հարաբերությունների հետ որոնք ԵՄ-ն կիսում է Հայաստանի հետ: Բայց այս մասին հաջորդ անգամ:
Մեկ այլ օրինակ է Եվրամիության խորհրդարանի 10/23/2013 թ. բանաձևը մինչև ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու կամ չստորագրելու որոշումը, որը վերջնականապես մերժվեց Հայաստանի կառավարության կողմից ի օգուտ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման: «Արևելյան գործընկերության» վերաբերյալ 16-րդ կետում հիշատակված «Եվրոպական հարևանության քաղաքականության մասին. միության ամրապնդման մասին» խորագրով նշվում է հետևյալը.
«[Եվրամիությունը] մեկ անգամ ևս հիշեցնում է իր դիրքորոշումը, որ Արևելյան համագործակցության անդամ երկրի տարածքի օկուպացիան համագործակցության մեկ այլ երկրի կողմից խախտում է Արևելյան գործընկերության նպատակները և հիմնարար սկզբունքները, և որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի 1993 թ.և ԵԱՀԿ բանաձևերին … »:
Հետաքրքիրն այն է, որ չնայած ԵՄ-ի նման դիրքորոշմանը, շատ հայերի դուր չեկավ նախկին նախագահ Սարգսյանի վերջնական հրաժարումը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց և Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշումը: Իրականությունն այն է, որ տնտեսական պատճառներից զատ, որոնք կքննարկենք առանձին, Ռուսաստանի հետ գործընկերությունը առաջարկում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող առավելություններ, իսկ Եվրամիության երկրները դնում են Հայաստանին ընտրության առջև՝ կամ խորացնել ԵՄ հարաբերությունները կամ պահպանել դրանք Ռուսաստանի հետ:

Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն թե ռազմական, և թե դիվանագիտական ասպարեզում, որովհետև Հայաստանը կանգնած է վտանգի առջև՝ մնալ առանց ռազմական աջակցության տնտեսապես ավելի հզոր երկրի դիմաց: Ու քանի որ Հայաստանի համար նաև Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններն ավելի կարևոր են քան ԵՄ-ի հետ, տրամաբանական է հարցնելը թե արդյո՞ք այն ինչ առաջարկում է ԵՄ-ը այդքան արժե, որ չեղյալ հայտարարվեն ՌԴ-ի հետ կարևոր համաձայնագրեր, մանավանդ երբ ԵՄ-ն պատմականորեն եղել է Ադրբեջանի կողմնակիցը Արցախի հարցում, Ադրբեջանը ունի այնքան ազդեցություն ԵՄ-ում, որ անգամ կա հատուկ ադրբեջանական լոբբի հաստատության սրտում, արդյոք տրամաբանակա՞ն է մեծացնել կախվածությունը մի կառույցից, որը գտնվում է թշնամի երկրի ազդեցության ներքո այնպիսի մի հարցում, որը ուղղակիորեն սպառնում է ՀՀ անվտանգությանը:
Ինձ համար գոնե ամեն ինչ պարզ է, ԵՄ-ի հետ մերձեցման մեջ ներգրավված կորուստները վտանգում են Հայաստանի ազգային անվտանգությունն ու գոյությունը, մինչդեռ ԵՄ-ի առաջարկածը ոչ տնտեսական, ոչ էլ ռազմական ասպարեզում համեմատելի չեն Ռուսաստանի առաջարկածին:
Ահա թե ինչու Հայաստանը պետք է զգույշ լինի երբ քաղաքական գործիչները հանդես են գալիս հստակ եվրոպամետ ելույթներով, քանի որ նրանց կարծիքը ամենայն հավանականությամբ, հիմնվում է գաղափարական հարցերի ու անձնական նախասիրությունների վրա ու տրամաբանորեն չեն վերլուծում թե Եվրոպական Միության հետ մոտեցումը ինչ է ենթադրում երկրի համար:

ՀԳ շատ հեշտ է խաբվելը մակերեսային սիրուն փաթեթավորմանը, երբ ունես ինֆորմացիայի պակաս: Գիտեմ, որովհետև ես էլ եմ դրա միջով անցել:

Ա&Գ

Հասարակությունների կործանումը

Նախորդ գրառումներից մեկում խոսեցինք պրոգրեսիզմի մասին և ներկայացրեցինք նրա ընդհանուր բնութագրական գծերը, այստեղ ուզում եմ խոսել դրա նպատակների մասին, ու քանի որ թեման բավականին բարդ է կփորձեմ այն ներկայացնել մի քանի գրառման միջոցով:

Պրոգրեսիզմի նպատակը սահմանված հասարակական կարգի ոչնչացումն է, որպեսզի հետո ստեղծի մշակութային մարքսիզմի արժեքների վրա հիմնված նոր կարգ:

Ներկայիս հասարակական կարգը որով ղեկավարվում են մեր հասարակությունները, հասարակական մոդելի մշտական էվոլյուցիայի ու բարեփոխման արդյունքն է, որը դանդաղորեն է փոփոխվել մեր նախնիների փորձի և իրադարձությունների հիման վրա, ընդունելով այն փոփոխությունները որոնք բարենպաստ են եղել հասարակության գոյատևման համար և մերժելով մյուսները որոնք վնասակար էին: Շատ դեպքերում այս պրոցեսը էքստրեմալ դարվինիստական է եղել՝ այն հասարակությունները որոնք չէին կարողանում ներառել իրենց գոյատևման համար անհրաժեշտ փոփոխությունները, կամ ընդունում էին վնասակար ու կործանիչ փոփոխություններ վերանում էին ներքին անկման արդյունքում կամ մեկ այլ հասարակության կողմից հաղթվելու, գրավվելու, աբսորբվելու հետևանքով: Այս արժեքները փոխանցվում էին սերնդից սերունդ, հայրերից որդիներին՝ մշակույթի, կրթության, հերոսների զոհաբերությունների, արվեստի, կրոնի և այլնի միջոցով: Հասարակությունները սահմանվում են որպես միևնույն մշակույթով և արյունակցական կապերով կապված մարդկանց խմբեր, որ ընդունում են իրենց միասնական ու համընդհանուր ապագան, որտեղ մեկը մյուսից կախված է գոյատևելու և ապագա սերնդի գոյատևումն ապահովելու համար:

Այս գիտելիքների ու մշակույթի պահպանման ու փոխանցման, բարոյական ու սոցիալական արժեքների հաստատման  համար հասարակությունները ձևավորվում են  սոցիալական կոհեզիայի երեք խմբավորումներում: Սրանք հասարակության անդամների միջև հարաբերություններ են, որ ձևավորում են խմբերին ու դրանց իմաստավորում մեկ ընդհանուր գոյացության՝ հասարակության մեջ: Սոցիալական կոհեզիայի այս հիմնաքարերն են ընտանիքը, կրոնը և ազգը: Չեմ կարծում որ այս ամենից որևէ բան տարօրինակ թվա կոնկրետ Հայաստանի դեպքում, հաշվի առնելով մեր պատմությունը: Ազգը, կրոնը և ընտանիքը հենց այն նախադրյալներն էին, որոնք թույլ տվեցին հայերին գոյատևելու շրջապատված օտար՝ շատ դեպքերում թշնամական հասարակություններով ու մշակույթներով, երկար ժամանակ չունենալով անգամ հայերի կողմից ղեկավարվող սեփական տարածք:

Կրոնը, կյանքի յուրօրինակ փիլիսոփայույթուն և նպատակ սահմանող ու հայերին՝ շրջապատող այլ ազգերից տարբերող կարևորագույն հատկանիշներից էր: Ազգը ինքն իրեն դսրևորում է մշակույթի և ավանդույթների տեսքով, հայերեն լեզուն իդենտիֆիկացնում էր հայկական համայնքին, նշանակում էր որ տվյալ անհատը պատկանում է հայ հասարակությանը: Իսկ ընտանիքը հանդիսանում էր անհատի անմիջական պաշտպանության աղբյուրը, ինչպես նաև ազգային ինքնագիտակցության ձևավորման համար անհրաժեշտ մշակույթի և արժեքների փոխանցման գրավականը:

Եթե որևէ անհատ ենթարկվում էր հարձակման կամ վտանգի մեկ այլ խմբի կողմից, վստահ էր, որ առաջին հերթին կարող է հույսը դնել իր ընտանիքի վրա, իր ընտանիքը անպայմանորեն իրեն կպաշտպաներ: Հայերի կամ հայերին մոտ կանգնած խմբի անդամների միջև ամուսնությունները թույլ տվեցին պահպանել կոհեզիան ընտանեկան ու ազգային շարունակելիությունն ապահովելու համար: Երեխան մեծանում է իր տատիկ-պապիկներին, ծնողներին, քեռիներին լսելով, սովորում է որոշակի արժեքներ ու կարծիքներ, որոշակի մտածելակերպ ու շատ դժվար է որ թշնամի այլ խումբը կամ բռնապետական կառավարությունը իր ցանկության համաձայն փոխի նրա՝ իրերի, իրադարձությունների, հասկացությունների մասին ձևավորած կարծիքը: Կրոնը, նմանապես,  հանդիսանում է կյանքի որոշակի փիլիսոփայությամբ ապրելու պատրաստակամություն: Քրիստոնեության հասկացությունները փոխանցվում են սերնդից սերունդ, տարանջատելով լավը վատից ու հետ պահելով մշակութային ու արժեքային ռելատիվիզմից, որի դեպքում վնասակար երևույթները ու արժեքները, որ առաջ անընդունելի էին կարող են դառնալ ընդունելի և խրախուսելի, կախված որոշների պատեհապաշտ ու քմահաճ մոտեցումից:

Ազգը, իր հերթին, միակ ինստիտուտն է որ կարող է միացնել միլիոնավոր մարդկային ու տնտեսական ռեսուրսները և դրանք ուղղորդել համընդհանուր շահի ու գոյատևման ուղղությամբ:

Այս ամենը հաշվի առնելով, զարմանալի չէ, որ պրոգրեսիզմի հիմնական նպատակներից է ազգի, կրոնի և ընտանիքի ոչնչացումը: Սա է այն սկզբնական նպատակը, որը թաքնված է նրա գործողությունների մեջ:

Հարց է ծագում, իսկ ինչպե՞ս է պրոգրեսիզմը պատրաստվում ոչնչացնել հասարակական կոհեզիայի այդքան կայուն հիմքերը. հասարակության որոշ հատվածին համոզելով, որ իրենք ճնշված են հասարակության մեկ այլ շերտի կողմից, հենց այս արժեքների հետևանքով: Ինչից հետևում է, որ իրենց ճնշված լինելու վերջը կգա, երբ այս արժեքները՝ կրոնը, ընտանիքը, ազգը ոչնչացվեն:

Այսպիսով, քսաներորդ դարի շատ կոնտրամշակության շարժումները (որոնք այժմ արդեն « կոնտրա» չեն, քանի որ կազմում եմ գերակշռող մշակույթի մասը), որոնք կարծես թե ուղղված էին արդարության, որոշ խմբերի քաղաքացիական իրավունքների պաշտպանության և ազատությունների համար մղվող ենթադրյալ պայքարին, իրականում ուղղված էին հասարակության պատմամշակութային արժեքների դեմ:

Սկզբնական շրջանում այս ամենը տեսնելն ու նկատելը դժվար է, բայց Արևմտյան Եվրոպայի երկրներում, որտեղ պրոգրեսիզմը արդեն իսկ ունի իր կայուն հիմքերը ո, կարող ենք համոզվել, թե ինչպես է այն կամաց- կամաց ցույց տալիս իր իրական դեմքն ու արդեն իսկ բացեիբաց հանդես է գալիս, որպես այս արժեքների թշնամի ու հայտարարում դրանց վերացումը որպես դրական երևույթ: Որպես օրինակ, ունենք բազմաթիվկազմակերպություններ, որոնք ԱՄՆ ում առաջ են տանում ԼԳԲՏ անձանց իրավունքները ու գենդերային գաղափարախոսությունը: Բայց արդյո՞ք սա է իրենց վերջնական նպատակը: Գիտակցում են թե ոչ այս շարժման անդամները, բայց դրա վերջնական նպատակը ԼԳԲՏ անձանց հանդեպ հարգալից վերաբերմունքը չէ, այլ ավանդական ընտանիքի ոչնչացումը, հետերոսեքսուալությունը որպես սեռականության անհատակ ծովի ևս մեկ տարբերակ ներկայացնելը, այն վերածել ևս մեկ փոքրամասնության, կնոջ և տղամարդու միջև տարբերությունների ջնջելը, ընդհանրապես այդ հասկացությունների վերացումը կախված տվյալ պահին մշակութային էլիտայի ու պրոգրեսիստ քաղաքականության պահանջներից: Իսկ ինչպե՞ս է, որ կարողանում ենք համոզված լինել սրանում, չէ որ այս կազմակերպությունները համառորեն հերքում են այս ամենը և համարում զրպարտանք իրենց շարժումը իլեգիտիմացնելու համար հորինված: Ինչպե՞ս կարող ենք այդքան վստահ լինել: Որովհետև կարող ենք տեսնել այն երկրներում տիրող իրավիճակը, կազմակերպությունների պահանջները, որտեղ նրանք ավելի երկար ժամանակ է ինչ ծավալում են իրենց գործունեությունը և արդեն անցել են  բավականին երկար ճանապարհ: Օրինակ Արևմտայն Եվրոպայում ԼԳԲՏ կազմակերպությունները արդեն չեն պահանջում հարգանք կամ ենթադրյալ դիսկրիմինացիայի ավարտ, այլ ուզում են որ օրենքով պատժվի իրենց հետ համաձայն չլինելը կամ իրենց գաղափարախոսությունը չընդունելը, ուզում են որ նորածին երեխան չհամարվի աղջիկ կամ տղա ու իր ծննդյան վկայականում այդ փաստը չնշվի, այլ սպասեն մինչև մեծանա ու գուցե լինելով տրանսեքսուալ ինքը որոշի աղջիկ է թե տղա, ցանկանում են որ հորմոնոթերապիան փոքր երեխաների համար ամբողջականապես հասանելի լինի ինչպես նաև լիովին անկախ իրենց ծնողների կամքից և այլն… Բայց այս մասին հաջորդիվ:

1013927772-1dae1bc3a2c57ab2df735c947ba82b1e

Ա&Գ

Կարևորագույն հասկացություն. Պրոգրեսիզմ

Այս գրառման մեջ ուզում եմ խոսել աշխարհում, և, մասնավորապես Եվրոպայում տիրող իրավիճակի հետ կապված մի շատ կարևոր հասկացության՝ պրոգրեսիզմի մասին:  Իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Պրոգրեսիզմը գաղափարական մի ուղղություն է, որը, չնայած ժամանակի ընթացքում ենթակա է փոփոխության որպեսզի բավարարի որոշակի խմբերի տվյալ պահի շահերը, այնուամենայնիվ հիմնականում համընկնում է սոցիալդեմոկրատական տնտեսական համակարգի պաշտպանության ինչպես նաև ավտորիտար պետության ու քաղաքացիական հասարակության կողմից պարտադրվող ամբողջականապես ինդիվիդուալիստ սոցիալական քաղաքականության հետ, որը հակադրվում է հասարակության ցանկացած ավանդական բաժանմանը ( ընտանիք, երկիր, կրոն):

Տնտեսական առումով այս գաղափարախոսությունը շատ դեպքերում պարունակում է լիբերալիզմի ու սոցիալիզմի ասպեկտներ, իհարկե միշտ լայն լիազորություններով օժտված պետության ստվերի ներքո: Տեսականորեն, գոյություն ունի մասնավոր սեփականության իրավունք, որը սակայն ենթակա է  վերին աստիճանի բյուրոկրատիզացված պետության կողմից պարտադրված անվերջ նորմերին ու կարգավորումներին: Տնտեսական քաղաքականությունը պարունակում է տարրեր տարբեր գաղափարական ուղղություններից ու համեմատաբար ճկուն է, իսկ սոցիալական քաղաքականությունը շատ հստակ է սահմանված, քանի որ հենց դա է հանդիսանում նրա գործունեության հիմնական ուղղությունը, որի համար և ստեղծվել ու զարգացել  է պրոգրեսիզմը:

Առաջին գաղափարախոսական ուղղությունը, որը նույնացվում է  պրոգրեսիզմի հետ, առաջ է եկել ֆրանսիական հեղափոխության ժամանակ ու մոտ է լիբերալ գաղափարներին, բայց ներկայիս պրոգրեսիզմը շատ է տարբերվում դրանից ու կարելի է ասել, որ բացարձակապես կապ չունի սկզբնական գաղափարների հետ: Ներկայումս շատ Եվրոպական երկրներում սկզբնական պրոգրեսիզմը նույնացվում  ու կիրառվում է որպես ռեֆորմիզմի հոմանիշ: Ժամանակակից պրոգրեսիզմը գաղափարախոսություն է, որը սկիզբ է առնում կոմունիզմից՝ ԽՍՀՄ-ի ստեղծումից հետո: Այս վերջին միտքը հատկապես կարևոր է, որովհետև բացատրում է սովետական համակարգի կոմունիզմի ու ժամանակակից պրոգրեսիզմի տարբերությունները: Առաջինը կենտրոնացված էր տնտեսական համակարգի վրա, սոցիալական կողմից հանդիսանալով ավելի պահպանողական ու իմպերիալիստ, մինչդեռ պրոգրեսիզմը, կամ արևմտյան կոմունիզմը կենտրոնացված է սոցիալական ասպեկտների վրա: Այս պահին պրոգրեսիզմը օգտագործվում է որպես հոմանիշ ժամանակակից ձախ քաղաքական ուժերի մասին խոսելիս: Ձախեր՝ որոնք իրենց վրա են վերցրել գերիշխանությունը ԽՍՀՄ-ի ու ձախ դասական գաղափարական իդեալների փլուզումից հետո:

Մի փոքր դաս պատմությունից.

Աշխատավորների սոցիալիստական շարժումները 19-րդ դարում ու 20-րդ դարի սկզբին լայն տարածում էին վայելում Եվրոպայում: Մարքսը ստեղծել էր մի գաղափարախոսություն, որն ուղղված էր ծառայելու որոշ երկրների աշխատավոր խավին՝ պրոլետարիատին, որպեսզի հեղափոխության միջոցով հասնեին այս նոր, այլընտրանքային համակարգի հաստատմանը: Մարքսը մտածում էր հիմնականում Գերմանիայի ու Անգլիայի մասին, որտեղ աշխատավոր խավը համեմատաբար ավելի կրթված էր այս նոր համակարգի վերաբերյալ: Որպեսզի կարողանար հեղափոխության կայծը վառել, Մարքսը կենտրոնացրել էր իր դիսկուրսը երկու սոցիալական շերտերի միջև պատմական ենթադրյալ հարաբերությունների վրա՝ մեկը ճնշող բուրժուազիայից և արիստոկրատիայից կազմված այսպես կոչված վերին խավ, մյուսը ճնշված՝ գյուղացիներից, զինվորներից ու արդյունաբերական հեղափոխությունից հետո նորաթուխ աշխատավորներից բաղկացած: Նա գտնում էր, որ տարբեր երկրների պրոլետարիատը պետք է միանա իսկական, համընդհանուր թշնամու՝ կապիտալիստ բուրժուազիայի դեմ, մի կողմ թողնելով ազգային տարբերությունները: Ըստ Մարքսի սա թույլ էր տալու աշխատավորներին հասնել իրենց համար տնտեսական և սոցիալական առաջընթացի ու այսպես մեկնարկելու էր իրենց ճանապարհորդությունը դեպի կոմունիստական ուտոպիան:

Երբ որ արդեն ենթադրվում էր առաջին համաշխարհայինի պոռթկումը, մարքսիստները կարծում էին, որ դա կլինի հրաշալի հնարավորություն իրենց այդքան սպասված հեղափոխության համար: Նրանք կարծում էին, որ Եվրոպայում մեծ պատերազմի ժամանակ պրոլետարիատի մասաներից կազմված բանակները մեկի նման մի կողմ էին դնելու զենքերն ու իրենց երկրները և միանալու էին մեկ ընդհանուր պրոլետարական եղբայրությանը ու այսպես վերջ էր դրվելու հին համակարգին:  Բայց իրադարձություններն այլ կերպ զարգացան: Կենտրոնական եվրոպայի զինվորները հավատարիմ մնացին իրենց հայրենիքներին ու կռվեցին: Անգլիան, Ֆրանսիան կամ Գերմանիան չէին  որ ընդունեցին Մարքսի գաղափարները ու հեղափոխություն սկսեցին, այլ Ռուսական կայսրության հպատակները: Պատերազմի դաժանությունն ու կրած կորուստները, սովը, աշխատավորների ահավոր պայմանները, ցարիստական էլիտայի ու ժողովրդի միջև անդունդն ու տոտալ կտրվածությունը բավական էին որ Լենինի նման առաջնորդների խոսքերն ընդունվեին մեծ խանդավառությամբ ու գտնեին հետևորդներ:

Տարիներ հետո, ԽՍՀՄ-ում սոցիալիզմի լճացումից հետո, կոմունիզմի հետևորդ արևմտյան շատ մտավորականներ իրենք իրենց հարց էին տալիս, թե ինչո՞ւ հեղափոխությունը հաղթանակ չտարավ Արևմտյան Եվրոպայում բայց հաղթեց ԽՍՀՄ-ում: Երևի թե այս մտավորականներից ամենակարևորը Անտոնիո Գրամշին է( իտալ.՝ Antonio Gramsci), որովհետև հենց նա դրեց հիմքը արևմուտքում աշխատող կոմունիզմի համար, կոմունիզմի մի տեսակ՝  որ փոփոխությունների ենթարկեց դասական կոմունիզմի շատ հասկացություններ, որպեսզի կարողանա սողոսկել եվրոպական հասարակության մեջ: Այս մտավորականներն եկան այն եզրակացության, որ Մարքսը սխալվել էր գործոնների հերթականության մեջ: Մարքսը գտնում էր, որ կարևորը տնտեսական համակարգն էր, որ այն էր սահմանում թե ինչպես է գործում հասարակությունը, այն էր որոշում խավերի միջև հարաբերություններն ու կերտում  հասարակությունում գերակշռող մշակույթը և եթե  փոխեն այդ համակարգը, ապա անպայմանորեն կհասնեն մշակույթի ու սոցիալական հարաբերությունների փոփոխությանը: Այս պրոցեսը Մարքսն անվանում էր սոցիալիզմ, որը պետք է բերեր վերջնական փուլին՝ կոմունիզմին: Գրամշին, սակայն, կարծում էր որ իրականում հակառակն է, որ մշակույթն ու սոցիալական հարաբերություններն են, որ կերտում են տնտեսական համակարգը, ու փոխելով առաջինները կփոխեն նաև վերջինը: Մարքսը նաև գտնում էր, որ այս փոփոխությունները պետք է կատարվեն շատ արագ, իր գաղափարակից պրոլետարիատի կողմից մի հարվածով՝  հեղափոխության միջոցով: Գրամշին, հակառակը, գտնում էր որ այդ փոփոխությունները պետք է տեղի ունենան աստիճանաբար, հասարակության առանցքային ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, պետական համակարգն ու աշխատողները, կրթությունը, ազատ ժամանցը, արդարադատոթյունը, արվեստը, մշակույթը, նրանցում ներմուծելով իր գաղափարների հետ համահունչ տարրեր այնպես, որ հասարակությունը փոփոխվի աստիճանաբար՝ պրոգրեսիվ կերպով: Իմիջայլոց, շատերը գտնում են, որ պրոգրեսիզմը իր անունը ստացել է հենց այս, աստիճանաբար, «պրոգրեսիվ» փոփոխություններից ու ոչ թե «պրոգրես», որպես առաջընթաց հասկացությունից:

Խելագար 20-ականներից հետո, երբ փորձում էին իրականացնել առաջին քայլերն այս ուղղությամբ (ի դեպ, կոչվում են խելահեղ քսանականներ հենց սրա համար), ամեն բան ժամանակավորապես կասեցվում է: Եվրոպայում ազգայնականության ու ֆաշիզմի զարթոնքը, 29-ի ճգնաժամը և երկրորդ համաշխարհային պատերազմը կանգնեցնում են ամեն բան: Պատճառը ոչ միայն այն էր, որ տարածված դոմինանտ գաղափարները պրոգրեսիզմի ոխերիմ թշնամիներն էին, ինչն իհարկե իր հերթին հանգեցրեց շատ պրոգրեսիստ մտավորականների փախուստին դեպի ԱՄՆ կրթական հաստատություններ, բայց նաև համաշխարհային պատմության մեջ ամենադաժան պատերազմի հետևանքով Եվրոպայում կյանքի ծանր պայմանները, տնտեսական ճգնաժամը, մարդկանց հեռացրել էին ամեն տեսակի բարեկենդանական թեզիզներից ու արժեքների ռադիկալ փոփոխություններից, որ ծրագրում էին հարկադրել պրոգրեսիստները: Սրա իսկ պատճառով այս գաղափարները ստիպված էին սպասել հետպատերազմական ժամանակահատվածին, երբ ԱՄՆ կրթական հաստատություններում պատսպարված փախստական մտավորականները վերադարձան Եվրոպա՝ լի նոր գաղափարներով ու աշխատություններով, որ նոր հիմք հանդիսացան իրենց նոր մոտեցման տարածման համար: Մարկուսեն, Ադորնոն, Հորկհեիմերը, ոգեշնչված ու  մոտիվացված Ֆրոյդի, Վեբերի, Մարքսի, Գրամշիի և այլոց աշխատանքներից, շարունակելու էին Ֆրանկֆուրտյան դպրոցը՝ փիլիսոփայության դպրոց, որը լքվել էր 20-ականներին, որպեսզի սկսեն նոր գաղափարների ներդնումը, որը հետագայում կստանա մշակութային մարքսիզմ անվանումը:

Երևույթը կոչվեց մշակութային մարքսիզմ, որովհետև օգտագործում էր Մարքսի առաջադրած ճնշողի ու ճնշվածի սխեման, բայց այս անգամ տնտեսականի փոխարեն մշակութային հարաբերություններում: Այսպես ուրեմն, քայլ առ քայլ փնտրվում ու առաջ են քաշվում բազմաթիվ սոցիալական հարաբերություններ, որտեղ դրանց մասնակիցներին/կատեգորիաներին տրվում են ագրեսորի ու զոհի կարգավիճակ, կերտվում է այս հարաբերություններին վերաբերող պատմական փաստերի վերաբերյալ ոչ միշտ ճիշտ ժամանակագրություն, ու ստեղծվում է հասարակական հեղափոխական շարժում ուղղված՝ ճնշված կողմի իրավունքների պաշտպանությանը: Ու նայած թե որ պահին ինչպես է ձեռնտու, ճնշված կատեգորիան, սահմանվում է որպես մեծամասնություն կամ փոքրամասնություն (ունի միշտ դրական երանգ) մատնանշելու համար սոցիալական արդարության ասպեկտներ. օրինակ, եթե խոսում ենք տնտեսական ոլորտից, ապա մեծամասնությունն է արդարացիորեն պայքարում մի բուռ արտոնյալ փոքրամասնության դեմ, մինչդեռ եթե խոսում ենք ռասիզմից, ապա այս դեպքում արդեն փոքրամասնությունն է պայքարում իրենց ճնշող մեծամասնության դեմ, որը իրենց զրկել է իրավունքներից: Կախված կոնտեքստից, մեծամասնություն կամ փոքրամասնություն լինելը համարվում են արդարացնող ու պայքարի ճշմարտացիությունը հաստատող հանգամանքներ:

Պատերազմից հետո, պետք եղավ սպասել 60-ականներին, երբ նոր սերունդը, որը չէր տեսել պատերազմը ու ճգնաժամի դժվարությունները ու չէր անցել դրանց միջոցով, ընկալունակ լինի ու հեշտորեն ընդունի նոր հեղափոխական գաղափարները, որպես նոր ու դոմինանտ մշակույթ, որ կլուծի անարդարությունն աշխարհում: Սրա շնորհիվ են սկսում հիպիների հեղափոխությունը, 68-ի մայիսյան զանգվածային անկարգությունները, հակապատերազմական շարժումները, ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների համար շարժումները:

70-ականներից հետո, պրոգրեսիզմը դանդաղորեն, բայց ամեն անգամ հասարակության նոր ոլորտներ է թափանցում ու դրա հետևանքով ծնվում են հետևյալ շարժումները.

  • Երրորդ ալիքի ֆեմինիզմ՝ կանայք որպես զոհ, տղամարդիկ որպես ագրեսոր:
  • Անիմալիստ էկոլոգիզմը՝ կենդանիները որպես զոհ, մարդիկ որպես ագրեսոր:
  • Հակառասիզմը՝ սպիտակները որպես ագրեսոր, մյուս ռասաները որպես զոհ:
  • Լաիցիզմը՝ կրոնը որպես ճնշող, ազատ մտածողները, աթեիստները, գիտնականները որպես զոհ: Հետագայում սա ենթարկվելու է մոդիֆիկացիայի ու հիմա միակ ճնշողը արդեն քրիստոնեությունն է, իսկ օրինակ մուսուլմանները հանդես են գալու զոհի կարգավիճակով:
  • Սոցիալիզմը՝ հարուսները որպես ճնշող, աղքատները որպես զոհ:
  • Գլոբալիզմը՝ ինտեռնացիոնալիստները որպես զոհ, ազգայնականները որպես ճնշող:

 

70-ականների  ու 80-ականների ընթացքում, պրոգրեսիզմի ներկայությունը սահմանափակվում էր հիմնականում կրթված շրջաններով՝ համալսարաններում, ու նրա ներթափանցումը հասարակության մեջ ավելի շուտ անգիտակցաբար էր կատարվում, մոդայի, սպառողական սովորությունների (օրինակ սոյաի կաթի կամ վեգանիզմի տարածումը) միջոցով: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումն ու կլասիկ սոցիալիզմի անհաջողությունը, ձախ քաղաքական գաղափարների համակիրների մի զգալի հատվածի թողեց «ծնողազուրկ» գաղափարական տեսանկյունից, քանի որ արևմուտքում ձախերի մի մեծ զանգված հանդիսանում էին դրա պաշտպան:  Այդ վակուումը պետք է լրացվեր որևէ կերպ: Այդ իսկ պատճառով, 90-ականների կեսերը հանդիսանում են պրոգրեսիզմի մեծ բումի ժամանակահատված, երբ այն ի վերջո թևեր է առնում : Այսպես պրոգրեսիզմը դառնում է արևմուտքի ձախ քաղաքական գաղափարների հետևորդների փարոսը՝ վերածնվելով դասական սոցիալիզմի մոխրից: Այս գաղափարախոսության հետևորդներին մենք ճանաչում ենք որպես նոր ձախերի:

2001- ից ու հատկապես 2010-ից սկսած պրոգրեսիզմը աստիճանաբար դառնում է արևմուտքում գերիշխող գաղափարախոսություն հասնելով նույնիսկ տոտալիտար մակարդակի, բայց սրա մասին մեկ այլ գրառման մեջ:

Gramsci

Անտոնիո Գրամշի

Ա&Գ

Եվրոպական Միությունն իրո՞ք այդքան ժողովրդավարական է ինչքան ասում են. Մաս I

Այսօր, Եվրոպական միությունն անձնական ազատությունների, քաղաքացիական իրավունքների, համատեղ տնտեսական զարգացման, տնտեսական աճի, ընդհանուր քաղաքական շահի և ժողովրդավարության հաղթանակի գլխավոր օրինակներից մեկն է, կամ գոնե այդպիսին է հանդիսանում միջազգային հանրության մեծ մասի կոլեկտիվ երևակայության մեջ, մասնավորապես Արևելաեվրոպական մի շարք երկրներում, որոնցից շատերը, այս կամ այն պատճառով ձգտում են օրերից մի օր ինտեգրվել Եվրոպական միության կազմում:
Ազգային հեղափոխությունները, որոնք հանգեցրին 90-ականների սկզբին ԽՍՀՄ-ի վերջնական փլուզմանը, բերեցին նրան, որ այդ տրոհման և կոմունիզմի անկման հետևանքով ձևավորված մի շարք երկրներ սկսեն ինքնահաստատվելու եղանակներ փնտրել որպես լիովին ազատ՝ սեփական անկախ քաղաքական և դիվանագիտական համակարգով պետություններ, և որպես այդպիսիք ինտեգրվեն միջազգային ասպարեզում:
ԵՄ-ը, կարծես թե, նրանց տալիս է այդ հնարավորությունը, քանի որ հանդիսանում է մի միություն, որը թե՛ տնտեսապես և թե՛ ռազմականապես համախմբում է աշխարհի ամենահզոր երկրներից մի քանիսին, ինչը թույլ է տալիս նրանց ՝ միության հովանու ներքո, պաշտպանված զգալ իրենց անկախությանը սպառնացող տարբեր հիպոթետիկ վտանգներից, և միևնույն ժամանակ պահպանել սեփական ինքնորոշումը որպես անկախ պետություններ, համարվելով մի կազմակերպության լիազոր անդամներ որը, տեսականորեն, բխում է առանձին երկրների կամավոր միության ուժից, ովքեր ներդնում են իրենց ինքնությունը ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Սակայն արդյո՞ք ճիշտ է այս ամենը, արդյո՞ք այսպիսին է իրականում Եվրոպական Միությունը, իրո՞ք հանդիսանում է ազատությունների ազպարեզ, ինչպես որ գովազդվում է, արդյո՞ք հարգում է իր անդամների ինքնությունն ու ինքնորոշման իրավունքը, իրո՞ք նրա նպատակը իր բոլոր անդամների բարօրությունն ու բարեկեցությունն է, իսկապե՞ս այդքան հզոր է տնտեսապես, և հատկապես, այս համագործակցությունն իրո՞ք այդքան ձեռնտու է իր անդամ-պետություններին, ինչքան իրենք են ասում: Կարճ ասած ` արդյո՞ք ԵՄ-ը այդքան ժողովրդավարական է,  ինչքան որ պնդում են:

Այս և նպանատիպ այլ հարցերի կպատասխանենք թեմային նվիրված մի շարք գրառումների միջոցով: Առաջին մասում հակիրճ կներկայացնենք, թե ինչպես է գործում Եվրոպական միությունը, ինչ մասերից է բաղկացած և ամեն մեկի գործառույթները, քանի որ հասկանալու համար դրա լավ կամ վատ լինելը, նախ անհրաժեշտ է հասկանալ թե ինչպես է այն գործում:

Համակարգը նկարագրելն ու բացատրելը հեշտ գործ չէ: Խնդիրը նրանում է, որ Եվրոպական միությունը բյուրոկրատական մի հրեշ է, լի քաղաքական գործիչներով, դիվանագետներով, պաշտոնատար անձանցով, լոբբիստներով, կուսակցություններով, տարբեր պաշտոններով, անթիվ ներքին մարմիններով և բազմաթիվ պայմանագրերով ու համաձայնագրերով: Այն հանդիսանում է մի հսկայական համակարգ, որը կարգավորում է իր անդամ պետությունների քաղաքացիների հասարակական կյանքի բացարձակապես բոլոր ոլորտները, և երբեմն նաև մտնում է մասնավոր դաշտ: Բայց այնուամենայնիվ, կփորձենք ներկայացնել դրա ամենաէական բաղադրիչները և ֆունկցիաները:

Մի փոքր պատմական ակնարկ.

Եվրոպական միությունը վերազգային կազմակերպություն է (այսպես է սահմանվում, քանի որ նրա անդամ պետությունները զիջում են իրենց ազգային ինքնիշխանության մի մասը՝ մի շատ կարևոր հանգամանք), որն առաջացել է, նախորդ, ավելի սահամանափակ բնույթ ունեցող կազմակերպությունների էվոլյուցիայի արդյունքում՝ տարբեր համաձայնագրերի, պայմանագրերի ու հռչակագրերի միջոցով, որոնք քայլ առ քայլ վերջիններիս շնորհում էին ավելի շատ գործառույթներ, ինչպես նաև տարածքային ընդլայնման միջոցով՝ անդամ պետությունների  աճող թվի հաշվին: Այսպիսով, 1951 թ.-ի ԵԱՊՄ-ի (Եվրոպական Ածխի և Պողպատի Միություն, անգլ.՝ ECSC) 6 հիմնադիր անդամներից (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բելգիա և Լյուքսեմբուրգ), հասել ենք մի լայն քաղաքական միության՝ իր օրենսդիր, գործադիր և դատական մարմիններով, որը գնալով ավելի ու ավելի է նմանվում լիարժեք պետության, և ներկայումս ներառում է 28 երկիր: 1993 թ.-ի Մաաստրիխտի պայմանագիրը նշանավորվում է մեր ճանաչած Եվրոպական միության ծննդով: Այն ստորագրվել է ԵՏՀ-ի (Եվրոպական Տնտեսական Միություն, անգլ.՝ EEC) այն ժամանակվա 12 անդամ պետությունների կողմից և հաճախ անվանվում է որպես ԵՄ-12: Այս պայմանագիրը հետագայում վերանայվել և ընդլայնվել է երեք անգամ և նրա անդամների թիվը հասել է վերը  նշված 28 պետությանը:

Եվրոպական միության խոշոր հաստատությունները գտնվում են հետևյալ 4 քաղաքներում:

-Բրյուսել՝  Խորհրդարանը, Հանձնաժողովն ու Խորհուրդը

-Ստրասբուրգ՝  Երկրորդ խորհրդարանը

-Լյուքսեմբուրգ՝  Արդարադատության և հաշիվների դատարանները

-Ֆրանկֆուրտ՝ Եվրոպական կենտրոնական բանկը

Իսկ ի՞նչ պարտականություններ ունի դրանցից յուրաքանչյուրը.

Եվրոպական խորհրդարան: Կազմված է 750 պատգամավորից և նախագահից, ընտրվում է  5 տարին մեկ և տեսականորեն,  հանդիսանում է ԵՄ օրենսդիր մարմինը: Հանդիսանում է ազգային խորհրդարանների անալոգը:

Եվրոպական հանձնաժողով: ԵՄ գործադիր իշխանությունը: Այն կազմված է 26 կոմիսարներից, որոնց հանձնարարված են կառավարության տարբեր ոլորտներ, ճիշտ այնպես, ինչպես նախարարները Հայաստանի Հանրապետության նման պետության դեպքում:

Եվրոպական խորհուրդ: Կազմված 28 անդամներից, նման է տարածքային ներկայացուցչությանը պետության ներսում, սենատի նման: Յուրաքանչյուր երկիր ներկայացնում է սովորաբար այդ երկրի վարչապետը:

Եվրոպական կենտրոնական բանկ: Եվրոն կարգավորող կենտրոնական բանկն է: Ոչ բոլոր ԵՄ երկրներն են օգտագործում են եվրո, թեև մեծամասնությունը սկզբունքորեն պարտավոր են ընդունել այն որոշակի ժամկետներում: Այն երկրները, որոնք օգտագործում են եվրոն, պատկանում են Եվրոգոտուն:

Սա Եվրոպական միության չափազանց պարզեցված նկարագրությունն է: Մինչ հիմա, կարծես թե, ամեն բան կարգին է, այդպես չէ՞: Թվում է մի միություն՝ այն կազմող համապատասխան մարմիններով, որն ունի նույնպիսի գործառույթներ ինչպիսիք ցանկացած լիարժեք ժողովրդավարական երկիր, ուղղակի ավելի մեծ մասշտաբի: Սակայն, ամենակարևորն այն է, թե ինչպես են այս հաստատությունները փոխկապակցված, և թե ինչպես են հասարակ քաղաքացիները իրականացնում իրենց իշխանությունը որոշումների կայացման մեջ: Ամբողջ հնարքն այդտեղ է:

Եվ այսպես, ամեն բան արդեն պատրաստ է հաջորդ գրառման համար:

Մինչ նոր հանդիպում 😉

Ա&Գ